Վրանակաց Կամչատկայի հրաբխային հատվածներում
Վրանակաց Կամչատկայի հրաբխային հատվածներում

Կամչատկան դրախտ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են արկածներ։ Հրաբխային գագաթները, գեյզերներն ու գեղեցիկ բնապատկերները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։ Սակայն պետք չէ մոռանալ անվտանգության կանոնների մասին։

Եթե պլանավորում եք վրանակաց Կամչատկայի հրաբխային հատվածներում, ապա պետք է պատրաստ լինեք փոփոխական եղանակին և բարդ տեղանքին։

Այս բլոգում կգտնեք այն իրերը, որոնք անհրաժեշտ են հրաբխային հատվածներում վրանակացի համար։

Վրան

Կամչատկայում եղանակը շատ փոփոխական է, ընդամենը մի քանի րոպեում արևոտ օրը կարող է դառնալ անձրևային: Այդ պայմաններում գիշերելու համար ձեզ անհրաժեշտ է վրան, որը կարող է դիմակայել բոլոր եղանակային պայմաններին:

Կամչատկայում հաճախ ուժեղ քամիներ են լինում և խոնավության մակարդակը բարձրանում է հատկապես լեռնային շրջաններում։ Վրանը պետք է լինի թեթև, ջրակայուն և ունենա քամուց պաշտպանող շերտ։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Վերցրեք հեշտ և արագ տեղադրվող վրան:
  • Եթե ​​նախատեսում եք գիշերել հրաբխի մոտ, ընտրեք դիմացկուն հատակով վրան։
  • Վրանի երկաթյա ձողերը պետք է լինեն ամուր՝ ուժեղ քամու պայմաններում կայուն մնալու համար:

Քնապարկ և գորգ

Կամչատկայում, նույնիսկ ամենատաք սեզոնին, գիշերները կարող են լինել շատ ցուրտ։

Ընտրեք քնապարկ, որը նախատեսված է բավականին ցածր ջերմաստիճանի համար և որակյալ գորգ, որը կպաշտպանի սառը հատակից:

Լրացուցիչ խորհուրդներ


  • Ջերմակայուն շերտով քնապարկը կապահովի տաքություն և թեթևություն նույնիսկ խոնավ պայմաններում:
  • Քարքարոտ կամ անհարթ հրաբխային տեղանքում դուք կքնեք ավելի հարմարավետ, եթե ունենաք գորգ:
Ջրի ֆիլտր

Կամչատկան հարուստ է լճերով և գետերով, սակայն այնտեղ ջուրը կարող է պարունակել հրաբխային հանքանյութեր կամ մոխիր։ Դրա համար խմելուց առաջ միշտ պետք է ֆիլտրել ջուրը։ Կարող եք օգտագործել հատուկ հաբեր կամ ջրի ֆիլտր։ Sawyer Squeeze-ի կամ SteriPen-ի պես ֆիլտրները արդյունավետ են և արագ մաքրում են ջուրը՝ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն:

Լրացուցիչ խորհուրդներ


  • Միշտ ունեցեք պահեստային մաքրող հաբեր կամ ֆիլտրներ, որոնք կօգտագործեք ձեր հիմնական տարբերակի խափանման դեպքում։
  • Ուշադրություն դարձրեք ջրի որակին այնպիսի վայրերում, որտեղ կան ակտիվ հրաբուխներ կամ կենդանիներ, որոնք կարող են մուտք գործել դեպի ջրի աղբյուրներ:
Շերտերով հագուստ

Եղանակը Կամչատկայում կարող է փոխվել ցանկացած պահի` արևոտ օրը կարող է դառնալ ամպամած և անձրևային: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս հագնվել շերտերով։

Սկսեք բազային շերտից, որը հեռացնում է խոնավությունը՝ մաշկը չոր պահելու համար: Այնուհետև ունեցեք միջին շերտ և ջրակայուն շերտ, որը նաև կպաշտպանի քամուց։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Ձեզ հետ ունեցեք նաև ձեռնոցներ, տաք գլխարկ և գուլպաներ՝ ցրտից, քամուց և մոխրից պաշտպանվելու համար:
  • Պատրաստ եղեք ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններին, հատկապես, եթե գտնվում եք հրաբխի վրա կամ երկրաջերմային տարածքների մոտ:
  • Կրեք ջրակայուն հագուստ կամ ունեցեք անձրևապաշտպան թիկնոց՝ թրջվելուց խուսափելու համար։
Արշավային կոշիկներ

Այս ուղղությունը հրաբխային է, ուստի կարևոր է ընտրել որակյալ կոշիկներ։

Դրանք պետք է լինեն թեթև, ջրակայուն, լինեն ոտքի համար հարմար և ունենան հաստ տակացու։

Պետք է լինեն սովորականից մեկ համար մեծ, վայրէջքների ժամանակ ոտքը չվնասելու համար։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Վերցրեք Ձեզ հետ արշավական կոշիկներ, որոնք կունենան հաստ տակացու և կպաշտպանեն սրունքները՝ քարքարոտ կամ անհարթ տեղանքով քայլելու ժամանակ։
  • Ընտրեք ջրակայուն և շնչող կոշիկներ հարմարավետությունը ապահովելու համար։
  • Անպայման մի քանի անգամ հագեք կոշիկները արշավի գնալուց առաջ՝ ոտքերը չվնասելու համար։
Նավիգացիոն գործիքներ

Կամչատկայի վայրի բնության պայամններում արշավները կարող են մի փոքր դժվար լինել, հատկապես հրաբխային տարածքներում, որտեղ չկան լավ պահպանված արահետներ: Այդ պատճառով էլ կարևոր է ունենալ լավ GPS-սարք կամ կողմնացույց։ Դժվար հասանելի պայմաններում քարտեզները և նման սարքերը ձեզ կօգնեն հեշտ կողմնորոշվել։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Վերցրեք ձեզ հետ թղթային քարտեզ։ Էլեկտրոնային սարքերը կարող են խափանվել ամենաանհարմար պահերին:
  • Ունեցեք GPS սարքավորում՝ նախօրոք ներբեռնված Կամչատկայի քարտեզով։ Դա ցույց կտա ձեր գտնվելու ճշգրիտ վայրը և կօգնի կողմնորոշվել դժվար պայմաններում։
  • Վերցրեք կողմնացույց, քանի որ այն հուսալի և կոմպակտ տարբերակ է նավիգացիայի համար, եթե ձեր էլեկտրոնային սարքավորման մարտկոցը սպառվում է:
Պաշտպանություն հրաբխային մոխրից

Կամչատկայում կան բազմաթիվ ակտիվ հրաբուխներ և վրանակացի ժամանակ պետք է պաշտպանվել դրանց առաջացրած ծխից: Այն անհարմարություն է առաջացնում աչքերի, մաշկի և շնչուղիների համար, ուստի անհրաժեշտ է ունենալ լավ որակի դիմակ, ակնոց և բաֆ՝ դեմքի լրացուցիչ պաշտպանության համար:

Լրացուցիչ խորհուրդներ


  • Արդյունավետ ֆիլտրացմամբ դիմակը (օրինակ՝ N95 ռեսպիրատորը) կպաշտպանի շնչուղիները մոխրից:
  • Անվտանգության ակնոցները կպաշտպանեն աչքերը մոխրից և փոշուց, որոնք կարող են առաջացնել ծանր գրգռվածություն և անհանգստություն:
  • Բաֆը կամ շարֆը կպաշտպանեն ձեր դեմքը՝ քչացնելով շփումը մոխրի հետ: Եթե տարածքում կան ծխի ամպեր, ավելի լավ է մնալ վրանում:
Դեղատուփ

Կամչատկայի տեղանքը կարող է չափազանց անկանխատեսելի լինել, և օգնությունը միշտ չէ, որ հասանելի է: Անպայման վերցրեք առաջին օգնության պարագաներ, հրդեհաշիջման սարքավորումներ և լապտեր:

Լրացուցիչ ապահովության համար ունեցեք արբանյակային հեռախոս կամ անձնական տեղորոշիչի սարք (PLB), որպեսզի կարողանաք օգնության դիմել արտակարգ իրավիճակների դեպքում:

Լրացուցիչ խորհուրդներ


  • Ձեզ մոտ ունեցեք սուլիչ և ազդանշանային հայելի, որպեսզի հեշտ լինի գտնել ձեզ արտակարգ իրավիճակների դեպքում:
  • Համոզվեք, որ ձեր առաջին օգնության պարագաներում կա այն ամենը, ինչը անհրաժեշտ է սովորական վնասվածքները բուժելու համար, ինչպիսիք են կտրվածքները և այրվածքները:
  • Վերցրեք նաև կոմպակտ, ջրակայուն լապտեր կամ լուսարձակ, որոնք կօգնեն գիշերային արշավների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Խոհանոցային սպասք

Վայրի բնության մեջ դժվար է գտնել սնունդ, այդ իսկ պատճառով պետք է նախապես վերցնել սննդի պաշար։ Կոմպակտ գազի այրիչները և խոհանոցային սպասքի հավաքածուն կարևոր են նման արշավների ժամանակ: Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել ածխաջրերով հարուստ ուտելիքներ, օրինակ բանջարեղեն, ընդեղեն, սերմեր և մրգեր։ Կարող եք նաև ունենալ նախապես պատրաստված և սառեցրած ուտեստներ։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Վերցրեք բավականաչափ վառելիք ուտելիք պատրաստելու համար. Կամչատկայի համար բութան պրոպանի լիցքով գազի այրիչները լավագույն ընտրությունն են:
  • Եթե ​​նախատեսում եք սնունդ պատրաստել, ապա վերցրեք նաև կոմպակտ կաթսա, սպասք և թեթև տախտակ՝ կտրատելու համար:
Արևապաշտպան քսուք և միջատների դեմ սփրեյ

Կամչատկայում անգամ զով եղանակի ժամանակ պետք է պաշտպանվել արևից, հատկապես բարձր լեռնային կամ հրաբխային տարածքներում: Ձեր մաշկը պաշտպանելու համար պետք է ունենալ լավ արևապաշտպան քսուք:

Խորհուրդ ենք տալիս ընտրել դեղատներից՝ 50 SPF։

Նաև ցանկալի է ունենալ սփրեյ, որը վանում է միջատներին, քանի որ ամռան ամիսներին նրանք լինում են բավականին ակտիվ։

Լրացուցիչ խորհուրդներ


  • Պարբերաբար քսեք արևապաշտպան քսուք, հատկապես, եթե պլանավորում եք երկար ժամանակ մնալ արևի տակ։
  • Գետերի կամ լճերի մոտ գտնվելիս անպայման օգտագործեք միջատների դեմ սփրեյ։