10 ՎԱՅՐԵՐ Շրի լանկայում
Դիյալումա ջրվեժը, իր էպիկ տեսարաններով՝ աշխարհի լավագույն բնական լողավազաններից մեկն է, որը թաքնված է Շրի Լանկայի լեռներում, և հայտնի է քչերին։
Դիալումա ջրվեժը գտնվում է Շրի Լանկայի Էլլա քաղաքից 40 կմ հեռավորության վրա, Բադուլլա շրջանում: Մոտակա քաղաքը Կոսլանդան է՝ մոտավորապես 6 կմ հեռավորության վրա:
Շատ տուրիստներ՝ չիմանալով նրա վերին հատվածի մասին, հեռանում են ջրվեժին ներքևից նայելով։
Այնտեղ կարող եք հասնել կամ գիդի ուղեկցությամբ, կամ տուկ-տուկով՝ տեղացի վարորդի հետ։
Դեպի ջրվեժ տանող ճանապարհին դուք կարող եք հանդիպել փղերի և այլ վայրի կենդանիների, ինչը էլ ավելի տպավորիչ է դարձնում այս ամենը։
Երբ հասնում եք ջրվեժի վերին հատված՝ ձեր առաջ բացվում է անմոռանալի տեսարան։ Բնության կողմից ստեղծված լողավազաններ՝ 220 մետր բարձրությամբ ժայռի գագաթին, անտառներ՝ որոնք գտնվում են հարյուրավոր մետր ներքև քեզնից և իհարկե քիչ զբոսաշրջիկներ։
Դուք հանգիստ կարող եք լողալ այնտեղ մի քանի ժամ, խոսել տեղացիների հետ, վայելել օրը։
Շրի Լանկայի ամենասուրբ վայրերից մեկը Քենդիում գտնվող Ատամի տաճարն է:
Այս տաճարում պահվում է հենց Բուդդայի ատամի մասունքը և հանդիսանում է բուդդիստների կարևոր ուխտատեղի: Այն նաև համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն: Այցելելու համար պարտադիր չէ բուդդիստ լինել: Այնուամենայնիվ, դուք պետք է համոզվեք, որ պատշաճ հագնված եք. պետք է ծածկված լինեն ձեր ուսերը ու ծնկները, ինչպես նաև տաճար մտնելուց առաջ պետք է հանել կոշիկները: Խորհուրդ ենք տալիս գնալ այս տաճար գիդի ուղեկցությամբ, այս տաճարի պատմությունն ու նշանակությունը լավ ուսումնասիրելու համար:
Տպավորիչ լուսանկարների համար պետք է գնալ Իննը կամարների կամուրջ, որը գտնվում է Էլլայում:
Այս ցնցող կամուրջը կառուցվել է բրիտանական գաղութատիրության ժամանակաշրջանում և շրջապատված է փարթամ անտառներով և թեյի պլանտացիաներով: Այն օրվա տարբեր ժամերի լի է զբոսաշրջիկներով: Ամբոխից խուսափելու համար փորձեք այցելել վաղ առավոտյան կամ ուշ կեսօրին։
Հիանալի վայր է նրանց համար, ում հետաքրքրում է և՛ պատմությունը, և՛ բնությունը։
Գալլե ֆորտը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություններից է, կառուցվել է պորտուգալացիների կողմից 16-րդ դարում, իսկ ավելի ուշ ընդլայնվել է հոլանդացիների կողմից:
Այս քաղաքը լավագույն վայրերից մեկն է Շրի Լանկայի գաղութատիրության պատմությանը նայելու համար: Այստեղ դուք կարող եք քայլել պարիսպների երկայնքով՝ տեսնելու Հնդկական օվկիանոսի հիասքանչ տեսարանները, ուսումնասիրել գաղութային ճարտարապետությամբ պատված ֆոտոգենիկ փողոցները, այցելել այդ տարածքի պատմության թանգարանը։
Գալլեյում կան նաև բազմաթիվ խանութներ, սրճարաններ ու ռեստորաններ զբոսաշրջիկների համար:
Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությունը ժամանում է Շրի Լանկա Կոլոմբոյի օդանավակայանով, այն հաճախ անտեսվում է զբոսաշրջիկների կողմից։
Կոլոմբոն հայտնի է ճարտարապետության բազմազան լինելով, որն արտացոլում է իր գաղութային պատմությունը և բազմամշակութային ազդեցությունները: Այստեղ դուք կտեսնեք պորտուգալական, հոլանդական և բրիտանական ազդեցություններից մնացած բազմաթիվ վայրեր:
Սիգիրիան կամ Առյուծի ժայռը պարտադիր այցելության վայր է Շրի Լանկայում։
Այն հայտնի է իր հնագույն ամրոցով՝ որը ստեղծվել է ժայռից, համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն։ Այն կառուցվել է 5-րդ դարում Քաշյապա թագավորի կողմից, ունի տպավորիչ որմնանկարներ, հիացնող տեսարաններ և կանաչապատ այգիներ:
Ունի մոտ 1200 աստիճան, որոնք տանում են դեպի գագաթ։ Բարձրանալու ընթացքում տեսանելի են թագավորական պալատի ավերակները և շրջակա ջունգլիները:
Սիգիրիան ոչ միայն ցուցադրում է Շրի Լանկայի հարուստ մշակութային ժառանգությունը, այլև առաջարկում է պատմության և բնության եզակի խառնուրդ, ինչը հիացնում է ճամփորդներին։
Շրի Լանկան հայտնի է իր թեյի արտադրությամբ, և այցելությունը թեյի պլանտացիաներ պարտադիր պետք է լինի ձեր ցուցակում:
Դուք կարող եք ամրագրել էքսկուրսիաներդ դեպի պլանտացիաներ, որտեղ կիմանաք թեյի տերևների աճեցման և բերքահավաքի գործընթացի մասին: Կարող եք այցելել նաև թեյի թանգարան, ներկա լինել թեյի ստեղծման ամբողջ գործընթացին, իսկ վերջում համտեսել տարբեր տեսակի թեյեր հենց այնտեղ։ Շրի Լանկայում թեյի մշակույթը զգալու համար լավագույն վայրերն են Նուվարա Էլիան, Էլլան և Քենդին:
Շրի Լանկայի մեկ այլ հայտնի արշավային վայր է Ադամի բարձունքը որը նաև հայտնի է որպես Շրի Պադա: Այս լեռը համարվում է սուրբ վայր բազմաթիվ կրոնների կողմից, քանի որ գագաթին ունի մեծ ոտնահետքի նմանվող հատված, որը համարվում է Բուդդայի, Շիվայի կամ Ադամի ոտնահետքը (կախված կրոնից): Սա Շրի Լանկայի ամենադժվար հասանելի վայրերից մեկն է. դեպի գագաթ բարձրանալը ավելի քան 5000 քայլ է, բայց արժե ջանքեր գործադրել վերևի տեսարանների համար:
Այն հատկապես տպավորիչ է լուսաբացին։
Եթե դուք վայրի բնության սիրահար եք, ապա երկրի հարավ-արևելքում գտնվող Յալա ազգային պարկը պարտադիր այցելելու վայր է ձեզ համար: Արգելոցի մի մասը սահմանակից է Հնդկական օվկիանոսին՝ դարձնելով այն եզակի վայր, որտեղ կարելի է նկատել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային կենդանիներ: Այգում կան նաև հին բուդդայական ավերակներ։
Շատ հավանական է, որ այնտեղ դուք կտեսնեք թռչունների շատ տարբեր տեսակներ, ընձառյուծներ, սիրամարգեր, բազմաթիվ եղջերուներ, վագրեր, մողեսներ և փղեր:
Հիկադուան քաղաք է, որը գտնվում է Կոլոմբոյից ընդամենը 100 կմ հարավ։ Գեղեցիկ լողափերը և ռեստորանների և հյուրանոցների մեծ շարքը այն դարձնում են լավագույն վարերից մեկը ծովափնյա հանգիստը սիրողների համար։
Այստեղ դուք կարող եք լողալ մեծ կրիաների հետ, տեսնել ծովային տարբեր կենդանիներ և վայելել ամենագողոցիկ լուսաբացերն ու մայրամուտները։
Այստեղ նաև կան տրանսպորտային տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք հեշտորեն այցելել մոտակա քաղաքներ, օրինակ Կոլոմբո, Գալլե։