Անհրաժեշտ իրեր Պատագոնիայում ճամփորդելու համար

Դուք արդեն գրանցվել եք Պատագոնիայի մեր տուրին, և այժմ ժամանակն է իրերը հավաքելու։
Ահա այն իրերի ցանկը, որոնք անհրաժեշտ են ձեզ այս ուղևորության ժամանակ։
Հագուստ

Խորհուրդ ենք տալիս հագնվել շերտերով՝ քանի որ եղանակը կարող է լինել անկանխատեսելի։

Թերմոներքնազգեստ, ֆլիսե շերտ, միջին շերտ և ջրակայուն բաճկոն, տաբատ։

Ուսապարկ

Ուսապարկը ամենակարևոր գույքերից մեկն է։

Այն պետք է լինի 35-45 լիտր, հարմարավետ մեջքի համար։ Ուսապարկը պետք է կարգավորվի ըստ հասակի և ուսերի լայնքի, ունենա գոտկատեղին ամրացվող գոտիներ՝ ծանրությունը հավասարաբար բաշխելու համար:

Լեռնային կոշիկներ

Կոշիկները պետք է լինեն թեթև, ջրակայուն, լինեն ոտքի համար հարմար և ունենան հաստ տակացու։

Պետք է լինեն սովորականից մեկ համար մեծ, վայրէջքների ժամանակ ոտքը չվնասելու համար։

Արշավային ձեռնափայտեր

Արշավային ձեռնափայտերը վերելքի և վայրէջքի ժամանակ քչացնում են ծնկերի վրա ընկնող ծանրությունը՝ մի մասը տեղափոխելով ձեռքերի վրա, նաև օգնում են պահել հավասարակշռությունը՝ բարդ վայրերով անցնելիս։

Խորհուրդ ենք տալիս ընտրել ձեռնափայտեր, որոնք պատրաստված են ավելի կարծր և թեթև մետաղներից։

Փակ վիճակում ցանկալի է լինի չափերով փոքր՝ ուղեբեռում տեղավորելու կամ ուսապարկին կցելու համար։

Արևային ակնոց

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար պարտադիր է ունենալ արևային ակնոց։

Արևային ակնոց ընտրելուց կարևոր է հաշվի առնել, թե ինչ բարձրության վրա ենք օգտագործելու այն:

Գլխարկ կամ բաֆ

Արևից պաշտպանվելու համար ձեզ պետք կգա գլխարկ, որը կծածկի վիզը, կպաշտպանի արևից և փոշուց, կամ կարող եք ունենալ ուղղակի բաֆ, որը կօգտագործեք տարբեր ձևերով։

Արևապաշտպան կրեմ

Պատագոնիայի արևը կարող է լինել բավականին ուժեղ։ Ձեր մաշկը դրանից պաշտպանելու համար պետք է ունենալ լավ արևապաշտպան քսուք:

Խորհուրդ ենք տալիս ընտրել դեղատներից՝ 50 SPF։ Ցանկալի է լինի փոքր տարայով՝ հավելյալ ծանրությունից խուսափելու և շատ տեղ չզբաղացնելու համար։

Անձրևապաշտպան թիկնոց

Սա այն իրերից է, որը պարտադիր է ունենալ պայուսակում անկախ եղանակից։

Անհատական դեղատուփ

Չնայած նրան, որ գիդը միշտ ունենում է առաջին բուժօգնության պարագաներ իր հետ, անհրաժեշտ է ունենալ անձնական փոքր դեղատուփ ևս։

Եթե դուք պարբերաբար հատուկ դեղամիջոցներ եք օգտագործում, խորհուրդ ենք տալիս պահել դրանք ձեր դեղատուփում՝ ապահովության համար։

Քաղաքային հագուստ

Քանի որ մեր տուրի ընթացքում մենք ունենալու ենք մի քանի օր Բուենոս Այրեսում, չմոռանաք վերցնել նաև հարմարավետ հագուստ, քաղաքում հագնելու համար։

Դուք հնարավորություն կունենաք դրանք թողնել Բուենոս Այրեսի մեր հյուրանոցում՝ Պատագոնիայում եղած ժամանակ։