Տրոլները Նորվեգիայում Դիցաբանությունից մինչեվ բնություն

Տրոլները նորվեգական դիցաբանության առեղծվածային և սիրելի արարածներից են:

Այս կախարդական արարածները դարեր շարունակ եղել են պատմությունների մաս, և նրանց ազդեցությունը զգացվում է Նորվեգիայի վայրի բնության մեջ: Այս բլոգում մենք կուսումնասիրենք, թե որտեղից են եկել տրոլները, որտեղ կարելի է նրանց գտնել բնության մեջ և ինչպես են դրանք կապված հյուսիսային աստվածների հետ:

Տրոլների ծագումը նորվեգական դիցաբանության մեջ

Տրոլները խորը արմատներ ունեն սկանդինավյան դիցաբանության մեջ: Հին լեգենդներում նրանք հայտնվում են որպես հսկայական, սարսափելի արարածներ, որոնք ապրում են մարդկանցից հեռու՝ քարանձավներում, լեռներում և անտառներում: Նրանք հաճախ պատկերվում են որպես աստվածների թշնամիներ, և որոշ լեգենդներ տրոլներին կապում են առասպելական հսկաների՝ Յոտնարների հետ, որոնք ապրում էին իրենց թագավորությունում։

Տրոլները ոչ միայն սարսափելի արարածներ էին, այլև խորհրդանշում էին բնության վայրի ուժերը: Նրանք համարվում էին լեռների և անտառների պահապաններ՝ մարդկանց մեջ և՛ վախ, և՛ հարգանք առաջացնելով։ Որոշ տրոլներ չար էին և վտանգավոր, մյուսները պարզապես չարաճճի:

Տրոլները բնության մեջ

Տրոլտունգա

Ըստ տրոլների մասին առասպելների՝ նրանք դեռ շրջում են Նորվեգիայի լեռներում և անտառներում: Ենթադրվում է, որ տրոլները ապրում են երկրի ամենագեղատեսիլ և վայրի անկյուններում:

Ահա մի քանի վայրեր, որտեղ նրանք կարող են թաքնվել:

Տրոլտունգա - Նորվեգիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների իր հիասքանչ տեսարաններով: Գեղատեսիլ լիճին նայող այս ժայռային ձևավորումը պարգևում է անմոռանալի էմոցիաներ:

Ըստ լեգենդի, Տրոլտունգան եղել է հնագույն տրոլների հանդիպման վայրը, որոնք հավաքվել են ժայռի վրա՝ նայելու իրենցից ներքև գնվող աշխարհին: Այս բարձրադիր վայրից նրանք հսկում էին ծոցը՝ պահպանելով իրենց հեռավորությունը մարդկանցից և այլ արարածներից։

Երբ նրանք ի վերջո լքում են տարածքը, թողում են այս ժայռը՝ որպես իրենց ներկայության և զորության հիշեցում՝ խորհրդանշելով իրենց երբեմնի հզոր հայացքը երկրի վրա:

«Տրոլի լեզու» անվանումը պայմանավորված է նրանով, որ ժայռի ձևը հսկա լեզվի է հիշեցնում։

Տրոլտունգա հասնելու համար կա արշավական երթուղի, որը տևում է մոտ 10-12 ժամ։ Այդ արշավի ընթացքում ձեր առաջ բացվում են հիանալի լեռների, լճերի և ժայռերի տեսարաններ: Հենց այս ժայռի եզրին կանգնած զգում ես, որ տրոլները դեռ քեզ են նայում բարձր լեռներից։

Հրաշալի տեսարաններով և հարուստ դիցաբանությամբ՝ Տրոլտունգան դարձել է պարտադիր այցելվող վայր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Նորվեգիայի բնության և պատմության հետ:

Տրոլստիգեն

Տրոլստիգենը կամ տրոլի արահետը անցնում է Նորվեգիայի ամենագեղեցիկ լեռներով: Այս երթուղին, որը հանդիսանում է Ոսկե երթուղու մի մասը, տանում է զառիթափ ժայռերի, կասկադային ջրվեժների և կանաչ անտառների միջով:

Լեգենդն ասում է, որ տրոլներն իրենց հսկա ոտքերով փորագրել են այս ճանապարհը՝ թողնելով խորը հետքեր, որոնք տեսանելի են մինչ օրս:

Ճանապարհորդելով Տրոլստիգենով՝ դուք կարող եք զգալ, թե ինչ են զգացել այն ճանապարհորդները, ովքեր քայլել են այստեղով դարեր առաջ։

Ճանապարհը հայտնի է իր կտրուկ շրջադարձերով՝ ինչը ստեղծում է առեղծվածային մթնոլորտ: Վերևում կա դիտահարթակ՝ որտեղից բացվում է տեսարան դեպի այս արահետ և Ստիգֆոսեն ջրվեժ:

Այս վայրի բնական գեղեցկությունը միախառնվելով հետաքրքրաշարժ լեգենդների հետ, Տրոլստիգենը դարձնում է Նորվեգիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։

Տրոլլհեյմ

Տրոլհեյմ նշանակում է «Տրոլների լեռներ»։ Այս լեռնաշղթան գտնվում է Նորվեգիայի կենտրոնական մասում, և այն հաճախ անվանում են Տրոլլենդի սիրտը: Անունից արդեն պարզ է դառնում, որ այստեղ ապրում են տրոլներ: Տարածաշրջանի ժայռոտ գագաթներով, խոր հովիտներով, պարզ լճերով և ոլորապտույտ գետերով լանդշաֆտը հիանալի ֆոն է ստեղծում այս առասպելական տարածքով ճանապարհորդելու համար:

Այս լեռները իսկական դրախտ են նրանց համար, ովքեր սիրում են առեղծվածներ։ Արահետները տանում են դեպի հեռավոր անկյուններ, որտեղ կարող են թաքնված լինել տրոլները:

Ոմանք կարծում են, որ տրոլները շարունակում են ապրել այս տարածաշրջանի թաքնված անկյուններում, և հենց այնտեղից էլ հետևում են անտառներին ու լեռներին: Ճանապարհորդելով Տրոլհեյմով դուք կկտրվեք աղմկոտ աշխարհից և կլսեք միայն քամու և կենդանիների ձայները։

Տրոլները և նրանց կապը սկանդինավյան աստվածների հետ

Տրոլների և սկանդինավյան աստվածների միջև կապը գալիս է հին ժամանակներից: Տրոլները հաճախ ասոցացվում են Յոթնարների հետ։ Նրանք հսկաներ էին, որոնք ապրում էին Յոտունհայմում և համարվում էին աստվածների թշնամիները: Տրոլները համարվում են այս հսկա ընտանիքի մի մասը և հաճախ անհանգստություն են պատճառում աստվածներին, ինչպիսիք են Թորն ու Օդինը:

Տրոլները, ինչպես հսկաները, անձնավորում են բնության կոպիտ և քաոսային ուժերը: Սկանդինավյան առասպելում աստվածները հաճախ ստիպված էին կռվել տրոլների դեմ՝ աշխարհում կարգուկանոն պահպանելու համար: Այս պայքարը ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաև բնության նկատմամբ վերահսկողության համար էր՝ ցույց տալով, թե որքան սերտ են տրոլները կապված իրենց շրջապատող վայրի, անկանխատեսելի աշխարհի հետ:

Տրոլներ
Կենդանի լեգենդներ

Տրոլները պարզապես հնագույն առասպելներից եկած կերպարներ չեն. նրանք դեռ ապրում են նորվեգական մշակույթում: Տրոլներին կարելի է հանդիպել արվեստի, երաժշտության, փառատոների և նույնիսկ զբոսաշրջության մեջ:

Հաջորդ անգամ, երբ կայցելեք Նորվեգիա՝ ևս մեկ անգամ ուշադրություն դարձրեք ձեզ շրջապատող բնությանը, և միգուցե հենց դուք հանդիպեք տրոլի կամ գոնե զգաք նրա ներկայությունը։